Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին ազատ կարձակվի՝ 2013թ. կիրառված համաներման արդյունքում
Մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը:
«6 տարի ժամկետով դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն Անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է առանց որևէ հիմնավորման: Անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մայիսին 25-ին ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով Վոլոդյա Արտուշի Ավետիսյանին դատապարտել է ազատազրկման չորս տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկման երկու տարի վեց (6) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի հիման վրա, հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում վեց (6) տարի ժամկետով:
Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվում է 2013 թվականի սեպտեմբերի 20-ը:










