Քրեական հեղինակությունների սպանության նախապատրաստման գործով 3 անձ է ձերբակալվել

12:50 • 25.05.17

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում երեկ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն։

Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ , որը ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ ՀՀ 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը, ընդունվել է վարույթ:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ, կատարվում է քննություն»,-ասաց Տռուզյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահափորձ է կատարվել քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած «Դոն Պիպո» մականվամբ՝ էջմիածնեցի Արթուր Ասատրյանի նկատմամբ: