Միգուցե հասկացվեց, միգուցե հասունացավ. Արագած Ախոյանը Արամ Աթեշյանի հրաժարականի մասին (տեսանյութ)
Tert.am-ը «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական ՀԿ Ազգային խորհրդի նախագահության անդամ, ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանի հետ զրուցել է Արամ Աթեշյանի շուրջ ստեղծված զարգացումների մասին, որն ի վերջո Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից հրաժարական տվեց:
Ախոյանի համար Աթեշյանի վերջին ամիսներին դրսևորած վարքագիծն ամենևին զարմանալի չէր: Նա հիշեց, որ դեռևս 2011 թվականին՝ Վանում հանդիպման ժամանակ, Աթեշյանը բողոքի նոտա է բարձրացել իր նկատմամբ, քանի որ Թուրքիայի հայ հոգևորականներից մեկին խնդրել էր կնքել մի քանի հայերի:
«Երբ փորձեցի պարզել, թե ինչու չպետք է կնքվեին այդ մարդկանցից ոմանք, ասաց, թե կարող են մեզ խաբել: Բայց անհասկանալի էր, թե ինչո՞ւմ պետք է խաբեին, եթե մարդ ցանկանում է վերադառնալ իր ակունքներին: Նա քրիստոնյա դառնալու ճանապարհի համար մի հեքիաթ հորինեց, թե մարդիկ պետք է 3 տարի Պոլսո պատրիարքարանում աղոթք անեն և Աթեշյանը տեսնի, որ իրեն չեն խաբում, նոր մտածի կնքել, թե՝ ոչ: Մուշում, Դիարբեքիրում 15 հոգանոց ընտանիքներ կան, որոնց ամենաքիչը 50-60 հազար դոլար է պետք, որ իրենք կարողանային վերադառնալ արմատներին»,-ասաց նա:
Ախոյանը շեշտեց՝ Արամ Աթեշյանը չի արել իր խնդիրները, իսկ Թուրքիայում եկեղեցին ու քաղհասարակությունը շատ անելիք ունեն: Տեսակետը, թե Աթեշյանը համարձակ չէր կարող գործել, քանի որ Թուրքիայում կարող է հայ համայնքը վտանգվել, Արագած Ախոյանը անհիմն համարեց։
«Դրանք շինծու բաներ են, թեպետ մենք շատ լավ գիտենք Թուրքիայի վարած քեմալիստական քաղաքականությունը: Բայց մի բան պետք է անկեղծորեն ֆիքսել՝ այն, ինչ 10 տարի առաջ չէր կարելի, հիմա արդեն Թուրքիայում կարելի է, մի տեսակ ճանապարհ է բացվել: Ես սա ասում են նաև թուրք մտավորականների կողմից»,- ընդգծեց Ախոյանը։
Վերջինս նոր Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հետ հույսեր է կապում և ասում է՝ միայն դրականն է լսել: Դիտարկմանը, որ Թուրքիայում ծպտյալ հայեր կան, պատրիարքի տեղապահի փոփոխությունը քրիստոնեություն վերադարձող մարդկանց թիվը կարո՞ղ է մեծանալ, նա արձագանքեց. «Պրոցեսը կսկսի այն ժամանակ, երբ Թուրքիան գնա դեմոկրատացման ճանապարհով: Այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ մենք տուժել ենք գալիքին պատրաստ չլինելու պատճառով: Հիմա մեր առաջարկները միայն գալիքին պատրաստվելու համար են, իսկ եկեղեցին մեծ անելիքներ ունի: Դավանափոխ հայերի թվերը՝ 4 մլն, մենք չենք հորինել, ու մենք սալյուտների, շոուների փոխարեն, եթե նրանցով զբաղվենք, ապա մեր ազգային անվտանգության հարցն էլ կլուծենք, քանի որ սահմանից այն կողմ հայկական ինքնություն կունենանք»:
Հարցին՝ Մայր Աթոռը Աթեշյանի հրաժարականի հետ կա՞պ ունի՝ հաշվի առնելով այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աթեշյանին կարող էր զրկել եպիսկոպոսաց կարգից, արդյո՞ք խիստ խոսակցություն եղել է, Ախոյանը պատասխանեց, թե չի ցանկանում ենթադրություններ անել, սակայն շարունակեց. «Կարծում եմ՝ Մայր Աթոռը շատ ճիշտ քաղաքականություն վարեց, քանի որ մենք դիվանագիտական հարաբերություն չունեինք: Շատ զգուշ քաղաքականություն էր պետք վարել, ինչն արվեց առանց ցնցումների: Միգուցե հասկացվեց, միգուցե հասունացավ, միգուցե ստորագրահավաքը ազդեցություն ունեցավ»:
Մանրամասները՝ տեսանյութում։










