Չինաստանում ուղևորատար ինքնաթիռը չվերթ է իրականացրել շասսիից կախված պայուսակով (լուսանկար)

15:30 • 25.05.17

Չինական Air China ավիաընկերության ինքնաթիռը չվերթ է իրականացրել շասսիից կախված պայուսակով: Այս մասին հայտնում է Ecns.cn պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Ինքնաթիռը Պեկինի Շոուդու միջազգային օդանավակայանից հասել է Լանչժոու քաղաքի օդանավակայան:

Ինքնաթիռների սպասարկմամբ զբաղվող Ameco ընկերության աշխատակիցները գործիքներով պայուսակը կախել են շասսիից՝ այն անձրևից պաշտպանելու համար, սակայն աշխատանքներն ավարտելուց հետո մոռացել են վերցնել այն:

Նշվում է, որ դրանից հետո ինքնաթիռը թռել և բարեհաջող վայրէջք է իրականացրել Լանչժոու քաղաքի օդանավակայանում: Հայտնի է, որ Լանչժոուի և Պեկինի միջև հեռավորությունը կազմում է մոտ 1,5 հազար կիլոմետր: Չվերթը տևել է մոտ 2,5 ժամ:

Չինաստանի ավիացիոն փորձագետները նշում են, որ պայուսակը կարող էր լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ameco-ն ընդունել է, որ աշխատակիցները խախտել են անվտանգության տեխնիկայի կանոնները, և խոստացել պարզել միջադեպի հանգամանքները: