Առանց համապատասխան գործիքների չի կարելի գնալ փոփոխությունների, մսագործի աշխատանք կարող է ստացվել. Աշոտ Բլեյանը հանրակրթության մասին

17:06 • 25.05.17

Չի կարելի բացասական սպասում առաջացնել մեր կյանքի նկատմամբ, երբ հանրակրթության մեջ ինչ-ինչ փոփոխությունների է գնում կառավարությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Եթե դժգոհ ենք մեր կյանքից, եթե խնդիրներ կան, ձևավորվել է նոր կառավարություն, ուրեմն պետք է դրական սպասումներ ունենանք: Ավելին՝ հատկապես հանրակրթության մասով, քանի որ առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու»,- հիշեցրել է Աշոտ Բլեյանը:

Նա այս փուլը համարում է վրիպումներով լի, որից արագ դասեր պետք է առնել, որպեսզի հասարակությունը՝ ուսուցչական և ծնողական, նույն սովորողները ոչ թե դիմադրեն, այլ ակտիվ մասնակցություն ունենան այդ փոփոխություններին:

«Ի վերջո, վերջին 10 տարվա փոփոխությունների փորձը, օրինակ՝ ավագ ու հիմնական դպրոցների առանձնացման, խոսում է այն մասին, որ առանց համապատասխան գործիքների չի կարելի մտնել, մսագործի աշխատանք կարող է ստացվել: Եվ պետք է նշել՝ այն նոր գործիքները, որ օգտագործում ենք, պետք է առավել նպաստավոր տարբերակը օգտագործենք, որպեսզի նորմալ վիճակի բերենք հանրակրթական համակարգը»,-առաջարկել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը:

Ըստ նրա՝ պետք է ցույց տալ այդ գործիքները: Բլեյանի խոսքով՝ տվյալ դեպքում լավ է, որ նախարարը մի քանի այդպիսի գործիքից խոսեց:

«Օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձի խտրության վերացումը: Դա մանկավարժական աշխատանք է: Կամ այն պետք է ձևակերպի իբրև ծառայություն, ինչպես ոստիկանինը, զինվորականինը, դատավորինը և այլն, որովհետև նա պետական հիմնարկի վարձու աշխատող է, ցանկացած ժամանակ ոչ միայն կարող է հայտնվել փողոցում, այլ իր աշխատավարձը նվազագույնով է կարգավորված, պատկերացնո՞ւմ եք»,-ընդգծել է Աշոտ Բլեյանը: