Բրիտանիան դադարեցրել է ահաբեկչության մասին տեղեկատվության փոխանցումն ԱՄՆ-ին՝ տեղեկատվական արտահոսքի պատճառով
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն այլևս ԱՄՆ-ի հետ չի կիսվի Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մասին տեղեկատվությամբ՝ ԶԼՄ-ներում տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքերից հետո, գրում է BBC-ն:
Պայթյունից հետո ԶԼՄ-ներում հայտնվել են տեղի ունեցածի մանրամասները, ընդ որում՝ լրագրողները վկայակոչել են ամերիկյան ուժային կառույցներում աղբյուրներին:
Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները վրդովվել են, երբ New York Times-ում հայտնվել են հարձակումից մնացած բեկորների լուսանկարները: Պայթյունից 24 ժամ անց ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են մահապարտի ինքնության մասին տվյալներ:
Չորեքշաբթի այդ առիթով իր դժգոհությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը: Նրա խոսքով՝ բրիտանական ոստիկանությունը ցանկանում էր «վերահսկել տեղեկատվության հոսքերը հետաքննության ամբողջականությունը և անսպասելիությունն ապահովելու համար»:
Ռադը նշել էր, որ ջղայնացած է Մեծ Բրիտանիայի ցանկություններին հակառակ ահաբեկչի ինքնությունը բացահայտելու փաստի պատճառով և նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ «նման բան այլևս չկրկնվի»: Այնուամենայնիվ, ավելի ուշ հայտնված ռումբի արյունոտված բեկորների և այն թաքցնելու համար օգտագործված ուսապարկի կտորների լուսանկարները բացասական արձագանք են գտել Մեծ Բրիտանիայում:
Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ստեղծված իրավիճակը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։










