Եթովպիայի քարանձավներից մեկում հնագույն «պատկերասրահ» է հայտնաբերվել (լուսանկար)
Իսպանացի մարդաբաններն ինքնատիպ «պատկերասրահ» են հայտնաբերել Եթովպիայի քարանձավներից մեկում, որտեղ մարդիկ ներկեր են պատրաստել և նկարել 4,5 հազար տարի շարունակ: Այսպիսով` սա պատմության հնագույն և ամենաերկարատև «ցուցահանդեսն» է: Գիտնականներն իրենց հետևություններով կիսվել են PLoS One ամսագրում:
«Մեզոլիթն ուսումնասիրող հնագետները սովորաբար հիմնվում են աշխատանքային գործիքների կառուցվածքի տարբերությունների վրա՝ հնագույն մարդկանց համայնքների մշակութային կապերին և էվոլյուցիային հետևելու համար: Մենք պարզել ենք, որ նման բան տեղի է ունեցել նաև ներկերի արտադրության գործընթացում: Քարանձավի բոլոր բնակիչները մոտավորապես նույն կերպ են պատրաստել օխրան և օգտագործել այն՝ սերնդեսերունդ փոխանցելով գաղտնիքները», - գրել են Բարսելոնայի համալսարանի գիտնական Դանիելա Ռոսոն և նրա գործընկերները:
Գիտնականների համաձայն՝ Եթովպիայի արևելքում գտնվող Պորկ Էպիկ քարանձավում իրենց հաջողվել է գտնել գեղարվեստական նյութերի մի ամբողջ պահեստ և դրանց հետ կապված «պատկերասրահ», որտեղ հնագույն նկարիչները փաստացիորեն առանց դադարի աշխատել են 4.500 տարի։
Պարզվել է, որ տարբեր դարաշրջաններում այս քարանձավում բնակվող նկարիչները կապված են եղել իրար հետ. նրանք օգտագործել են ներկեր պատրաստելու և կիրառելու մոտավորապես նույն մեթոդները, որոնք աննշան կերպով փոխվել են մեկ սերնդից մյուսն անցնելու ընթացքում: Սա արտահայտվել է նրանով, որ քարանձավի բնակիչները պատրաստել են մոտավորապես նույն գույնի և բաղադրության օխրա՝ պահպանելով որոշակի ընդհանուր չափանիշները:












