Հոնկոնգում կողոպտիչները ֆուտբոլիստից գողացել են նրա՝ ոսկու ձուլակտորներով ճամպրուկը

13:07 • 25.05.17

Հոնկոնգի առևտրի կենտրոններից մեկում Հոնկոնգի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Լի Վայ Մենը կողոպտիչների զոհ է դարձել: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 24-ի տեղական ժամանակով ժամը երեկոյան 9-ին տղամարդանց խումբը, սպառնալով դանակով, մարզիկից խլել է ճամպրուկը, որում եղել է 24 ոսկու ձուլակտոր և 10 միլիոն իեն (մոտ 89 հազար ԱՄՆ դոլար): Այնուհետև կողոպտիչները հեռացել են իրենց հանցակիցների ավտոմեքենայով: Վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան մեկ միլիոն դոլար:

Նշվում է, որ հանցագործները մի քանի անգամ հարվածել են 43-ամյա Լի Վայ Մենի դեմքին, սակայն նրան բուժօգնություն պետք չի եղել: Ոստիկանությունն իրականացնում է միջադեպի հետաքննություն:


Հայտնի է, որ ֆուտբոլիստը Հոնկոնգի հավաքականի կազմում խաղացել է 1993-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում և 68 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում: 2007 թվականին նա ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, ինչից հետո մարզել է տեղական թիմերը։