Բրիտանիայում ծնված հայազգի դերասան Գև Օրկյանը ֆիլմ կնկարահանի այսօրվա Հայաստանի մասին

14:40 • 25.05.17

Մեծ Բրիտանիայում ծնված և կատակերգության ժանրում ստեղծագործող դերասան Գև Օրկյանը պատրաստվում է  ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերյալ և Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին:

Ինչպես նշում է Asbarez-ը, «Չբացահայտված Հայաստան» խորագրով անկախ ֆիլմի պրեմիերան կկայանա 2018թ. սկզբին:

««Խոստումը» ֆիլմն աշխարհին պատմում է Հայոց ցեղասպանության՝ 1 դար առաջ տեղի ունեցած պատմության մասին: Դա մի բան է, որը մենք երբեք չենք մոռանա, բայց, միևնույն ժամանակ, գոյություն ունի մեկ այլ պատմություն, որն այսօրվա Հայաստանի մասին է ու պատմվելու կարիք ունի: Ուզում եմ հանդիսատեսին մտովի տեղափոխել մեր հրաշալի հայրենիք: Մենք այնքան բազմաշերտ մշակույթ, ցնցող բնություն, աշխույժ գիշերային կյանք, ինչպես նաև չափազանց հյուրասեր ժողովուրդ ունենք, որոնց մասին պետք է անպայման պատմել»,-նշել է Օրկյանը:

Հայտնի է, որ օգոստոսին Հայաստան կատարելիք ուղևորության ժամանակ Օրկյանին ուղեկցելու է նկարահանող խումբը: Հայրենիքում դերասանը հանդիպելու է ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց՝ աստղերից մինչև շարքային քաղաքացիներ:

Բացի այդ, Օրկյանը մտադիր է Արցախ այցելել:

Բրիտանիայում ծնված հայազգի դերասան Գև Օրկյանը ֆիլմ կնկարահանի այսօրվա Հայաստանի մասին