ՀԱՊԿ-ը 2009թ. ի վեր հայտնաբերել է կառույցի անդամ երկրներին սպառնացող ավելի քան 80.000 տեղեկատվական ռեսուրս
2009 թվականից ի վեր «Պրոքսի» ամենամյա գործողության ընթացքում հայտնաբերվել է ՀԱՊԿ պետությունների ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող մոտ 80 հազար տեղեկատվական ռեսուրս, հարուցվել է ավելի քան 15 հազար քրեական գործ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ գործնական առումով ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքների վերացումն իրականացվում է ամենամյա հիմքով անցկացվող համատեղ հատուկ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների ընթացքում՝ թմրանյութերի դեմ «Կանալ» («Канал»), անօրինական ներգաղթին հակազդելու «Նելեգալ» («Нелегал») և էլեկտրոնային տեղեկատվական ցանցերի անվտանգության ապահովման «Պրոքսի» («Прокси») միջոցառումների ընթացքում:
«2009 թվականից սկսած «Պրոքսի» գործողության շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորությանը հակազդելու հարցով մշտական գործողության համակարգված միջոցառումների իրականացման ընթացքում հայտնաբերվել է մոտ 80 հազար տեղեկատվական ռեսուրս, որոնք այս կամ այն չափով վտանգ են ներկայացնում անդամ պետությունների ազգային անվտանգությանը: Դրանցից 33,5 հազարի գործունեությունը դադարեցվել է կամ արգելափակվել: Ստացված նյութերի ստուգումների արդյունքներով հարուցվել է ավելի քան 15 հազար քրեական գործ»,- ասել է Խաչատուրովը:
Նա նշել է, որ «Կանալ» գործողությունների ընթացքում 2003-2017 թվականներին անօրինական շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 335 տոննա թմրանյութ և ավելի քան 12 հազար միավոր զենք:
«Նելեգալ» գործողության իրականացման շնորհիվ 2008 թվականից ի վեր կանխվել է այդ ոլորտում հարյուր հազարավոր հանցագործություն, ձերբակալվել է միջազգային հետախուզության մեջ գտնվող ավելի քան 1,6 հազար անձ:
«Միայն 2016 թվականին բացահայտվել է մոտ 1,5 միլիարդ դոլարի չափով կասկածելի ֆինանսական գործողություն, բացահայտվել են մարդկանց առևտրի հարյուրավոր ուղիներ»,- նշել է կառույցի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ բոլոր այդ միջոցառումներին մասնակցում են ՀԱՊԿ պետությունների իրավապահ մարմինների հատուկ պատրաստված ստորաբաժանումներից և անվտանգության կառույցներից հատուկ նշանակության ուժերը:










