Միայն Արևելք-Արևմուտք գործընկերությունը կապահովի աշխարհում անվտանգություն. Յուրի Խաչատուրով
Աշխարհում անվտանգություն և կայունություն չի հաջողվի ապահովել, մինչև չստեղծվի Արևելք-Արևմուտք հարաբերություններում գործընկերային մթնոլորտ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
«Անվիճելի է այն, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ և անվտանգության սպառնալիքներ, որոնց հաղթահարման հարցում միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կառուցողական փոխգործակցությունը գոյություն ունեցող աշխարհի կարգը կդարձներ առավել անվտանգ և կայուն: ՀԱՊԿ-ը ձգտում է նման փոխգործակցության հաստատման»,-ասել է Յուրի Խաչատուրովը:
«Սակայն այդ հարցի վերաբերյալ մոտեցումներում մի շարք գործընկերների մոտ, մեր կարծիքով, պահպանվում են համաշխարհային առճակատման տարիներին մշակված բավականին հնացած կարծրատիպեր: Ակնհայտ է, որ մինչ աշխարհը չհասնի Արևելք-Արևմուտք հարաբերություններում գործընկերության մթնոլորտի ստեղծման, մեզ չի հաջողվի լիակատար կերպով ապահովել անվտանգություն և կայունություն»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում ՀԱՊԿ-ի հայեցակարգի ձևավորումը որոշակի էվոլյուցիա է ապրել՝ աշխարհում համաշխարհային առաջնորդության համար մրցակցության, ռեսուրսների համար պայքարի, զինված հակամարտությունների սրման և միջազգային ահաբեկչության սպառնալիքի պատճառով:
Խաչատուրովը պատմել է, որ ՀԱՊԿ-ում ստեղծված է հավաքական անվտանգության արդյունավետ համակարգ՝ հիմնված «հավաքական ջանքերի կիրառման միմյանց փոխլրացնող երեք ոլորտների՝ քաղաքական, ռազմական համագործակցության և մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում համագործակցության վրա»:
Կառույցի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը կսկսի աշխատանքը մոտ ժամանակներս:
Նա նշել է, որ 2010 թվականին ստեղծված և զարգացող ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմն արտաքին ագրեսիայի հետ չկապված մարտահրավերներից և սպառնալիքներից հավաքական անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղադրիչն է:
Խաչատուրովի խոսքով՝ աշխարհում, այդ թվում՝ ՀԱՊԿ անվտանգության գոտուց անմիջական հարևանությամբ առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակն ակտուալ է դարձնում կազմակերպության անդամ պետությունների ռազմական անվտանգության երաշխավորված ապահովման խնդիրը:
Դրա լուծման համար ՀԱՊԿ-ում քառորդ դարում ձևավորվել է իր նշանակությանը համապատասխան ուժային պոտենցիալ, ասել է Խաչատուրովը:
«Կոալիցիոն հիման վրա ստեղծված ռազմական խմբավորումների կազմում ձևավորվել են օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր՝ ավելի քան 22 հազար մարդ, խաղաղապահ ուժեր՝ ավելի քան 3,5 հազար մարդ, և հավաքական ավիացիոն ուժեր»,- նշել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ «կազմակերպության մասնակից երկրների ռազմական համագործակցության զարգացման շրջանակներում իրականացվում են կառավարման, կապի, ՀՕՊ, ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական և թիկունքի ապահովման համակարգերի ձևավորման մասշտաբային նախագծեր»:










