Մոսկվայում ձերբակալել են տրանսպորտում ահաբեկչություններ պատրաստող ԻՊ-ի ահաբեկիչների
Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների, որոնք ահաբեկչություններ էին պատրաստում Ռուսաստանի մայրաքաղաքի տրանսպորտի օբյեկտներում: Այդ մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խումբը բաղկացած է եղել չորս անդամից՝ ռուսներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:
Խուզարկությունների ընթացքում ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա: Բացի այդ, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբ, պայթուցիկ սարքի պատրաստման համար բաղադրիչներ, ինչպես նաև հրազեն, ռազմամթերք, նռնակներ, գրականություն և ծայրահեղական ու ահաբեկչական ուղղվածության տեսաձայնագրություններ:
Անվտանգության դաշնային ծառայությունում պատմել են, որ կասկածյալների գործողությունները ղեկավարել են Սիրիայի տարածքից:
«Ահաբեկիչները պատրաստվում էին դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացումից հետո մեկնել Սիրիա՝ «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կազմում ռազմական գործողությունների մասնակցելու համար»,- ասված է հատուկ ծառայության հաղորդագրությունում:










