ԼՂ-ն կդիտարկվի՞ 3-րդ երկիր. ռուս փորձագետը ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության իրականացման մասին

21:28 • 25.05.17

Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունները, հատկապես վերջին շրջանում, արտաքին աշխարհի կողմից ընկալվում են ոչ միանշանակ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատ ստանալու շուրջ:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, բնական հարց է առաջանում՝ խաղաղապահ ի՞նչ գործունեություն պետք է ծավալեն ՀԱՊԿ ուժերը, որոնք նման գործողություններով, չհաշված՝ ուսումնառությունը, չեն զբաղվում:  

«Ռազմական այս կազմակերպության ուղիղ պարտականությունն է զբաղվել խաղաղապահ առաքելությամբ, ինչպես նաև օրինակ թմրանյութերի, անգամ ահաբեկչության դեմ պայքարով: Ուստի վաղ թե ուշ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ նմանօրինակ առաքելությունները կհամընկնեն: Շատ իրավիճակներում ՀԱՊԿ գոտում անհրաժեշտ էր խաղաղապահների տեղակայում, բայց ղեկավարությունը դրան այդպես էլ չգնաց: 2010թ.-ի ամռանն օրինակ Ղրղըզստանի հարավում հարկավոր էր խաղաղապահների տեղակայում: Հենց ինքը Բիշքեկն էր խնդրում ՀԱՊԿ-ին դրա մասին: Բայց ՀԱՊԿ-ը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ «չեն հասկանա» անգամ ՀԱՊԿ անդամները»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ստեղծումից հետո, հատկապես վերջին տարիներին, աշխարհը դեպի դրական կողմը չի փոխվել, և բնական է, որ ՀԱՊԿ-ը ներկայումս մշակում է մոտեցում խաղաղապահ առաքելությունը մեկ այլ կառույցի հովանավորության ներքո իրականացնելու հարցում, ինչպիսին ՄԱԿ-ն է:

Գ.Տրոֆիմչուկը հիշեցրեց, որ ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն իրականացնելու հնարավորության մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվա ամռանից՝ դիտարկելով երրորդ երկրները:

«ՀԱՊԿ միջազգային հեղինակությունը պետք է բարձրացնել նման առաքելությունների, ծրագրերի շնորհիվ, որովհետև տարօրինակ կլիներ՝ միշտ նստել որևէ տեղ՝ «քո անկյունում: Երկրները, որոնք կարող են ընկնել ՀԱՊԿ մանդատի տակ, հիմնականում նրանք են, որտեղ նման խաղաղապահ աշխատանք են տանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը: Էլ չասած այն տարածքները, ինչպիսին են Սիրիան, ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտին և այլն: Հասկանալի չեն դեռևս որոշ մանրուքներ՝ կարելի՞ է արդյոք Ղարաբաղը դիտարկել «երրորդ երկրի» շարքում»,- ընդգծեց Գ. Տրոֆիմչուկը: