Չինաստանում անցկացվել է հնդկեղեգի ճարտարապետության՝ աշխարհում առաջին բիենալեն (լուսանկարներ)
Չինական Պաոսի գյուղում անցկացվել է հնդկեղեգի ճարտարապետությանը նվիրված՝ աշխարհում առաջին բիենալեն, որի նպատակը հնդկեղեգը որպես որակյալ շինանյութ ներկայացնելն է եղել:
Bored Panda-ն գրում է, որ նախագիծը համադրել են արվեստագետ Կը Ցյանտաոն և ճարտարապետ Ջորջ Կունիհիրոն: Միջոցառմանը հրավիրվել է 12 ճարտարապետ. նրանք ցույց են տվել՝ ինչպես կարելի է համապատասխանեցնել այս ավանդական շինանյութը ժամանակակից դիզայնին և ճարտարապետությանը:
Միջոցառումը նկարահանող լուսանկարիչ Ջուլիեն Լանուի խոսքով՝ բիենալեն շատ է ոգեշնչել իրեն:
«Դարեր շարունակ հնդկեղեգն այս գյուղական համայնքներում օգտագործվել է տարբեր նպատակներով: Չինական քաղաքների թվի և չափերի մեծացումը խանգարում է ճարտարապետության ավանդական մեթոդների կիրառությանը», - ասել է նա:
Նշվում է, որ բիենալեի համար կառուցված յուրաքանչյուր կառույց, լինի դա թանգարան, թե երիտասարդական հոսթել, կծառայի կոնկրետ նպատակի և հստակ գործառույթ կունենա:
«Բիենալեից հետո այս ամենը կվերածվի թանգարանի, սպասարկման կենտրոնի, հյուրանոցի, հոսթելի և ուսուցման կենտրոնի՝ փոխելով գյուղի բնակիչների առօրյան և գրավելով զբոսաշրջիկներին իր հանգստությամբ, խաղաղությամբ, չինական մշակույթի արմատների ներկայացմամբ և հնդկեղեգի կարևորությամբ ու գեղեցկությամբ», - ասել է լուսանկարիչը:


























