Kiss խումբը չեղարկել է «Մանչեսթեր Արենա» համալիրում կայանալիք համերգը

22:17 • 26.05.17

Kiss խումբը չեղարկել է «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը, հայտնում է Manchester Evening News-ը:


Համերգը պետք է կայանար մայիսի 30-ին Kissworld Tour շրջագայության շրջանակներում, սակայն խումբը ստիպված է եղել չեղարկել շոուն, քանի որ համալիրը դեռ փակ է մնում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:


«Մենք վշտի մեջ ենք Մանչեսթերի անմեղ զոհերի դեմ իրականացված վայրագության պատճառով: Ցավոք, մենք չենք կարողանա մայիսի 30-ին ելույթ ունենալ «Մանչեսթեր Արենա»-ում»,- ասված է երաժիշտների հայտարարությունում:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Take That և Blondie խմբերն ահաբեկչությունից անմիջապես հետո չեղարկել են իրենց համերգները:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

 

Kiss խումբը չեղարկել է «Մանչեսթեր Արենա» համալիրում կայանալիք համերգը