Դեպի Հայաստան աճած ուղևորահոսքում ամենաշատը արտագաղթած հայերն են, որ տարին 1 անգամ գալիս են ու հետ գնում. Շահեն Պետրոսյան (տեսանյութ)

19:58 • 26.05.17

ՀՀ քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան ուղևորահոսքի ավելացմանը, նշեց, որ դա Քաղաքացիական ավիացիայի աշխատանքը չէ, այլ հետևանքը նրա, որ արտագաղթող հայերը չեն կտրում կապը հայրենիքի հետ ու տարին 1 անգամ Հայաստան են գալիս: 

- Դուք մշտապես պնդում եք, որ Հայաստանը  պետք է ունենա ազգային ավիափոխադրող:

-Հիմա շատ բարդ է, մի հինգ տարի առաջ ես պնդում էի, որ մենք պետք է ունենանք ազգային ավիափոխադրող, թեկուզ լուոքոստեր՝ էժան գներով: Ես դա առաջարկել եմ, կառավարությունից ոչ ոք չարձագանքեց: Հիմա արդեն անիմաստ եմ համարում, որովհետև  հիմա, որ ստեղծենք մրցակցությունն էնքան հզոր է լինելու, որ մենք դժվար ենք դիմանալու էդ մրցակցությանը: Բայց, միևնույն է, թեկուզ պետականորեն մենք պետք է ստեղծենք այն: Վաղը մյուս օրը՝ երկրաշարժ, Աստված չանի,  պատերազմական իրավիճակ լինի, օտարները էլ ստեղ չեն գալու: Իսկ մենք սեփական ավիացիան պետք է պահպանենք: 

-Իսկ խնդիրնը ո՞րն է:

-Սպասարկումը, այլ մոնոպոլիաները:  Թանկ է ստացվում, գումարած՝ էդ 10 հազարական դրամները: Անիմաստ էդ օդի հարկը: Ճիշտ ա՝ Գյումրիում հանեցինք, բայց տեսնում ենք, որ Գյումրիից առանձնապես թռիչքներ չեն լինում: Էստեղ միակ հուսադրողն այն է, որ ինչպես Քութայիսիից հունգարական «Վիզայրը» սկսեց թռիչքներ իրականացնել, էժան ՝50 եվրոյով Եվրոպա են թռնում, այնպես էլ  հիմա Երևան գալու է թուրքական «Պեգասուս» ընկերությունը,  էլի մատչելի գներով թռնելու է Եվրոպա ու Ստամբուլ:

- Ինչպե՞ս եք գնահատում Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները:

-Դրական եմ գնահատում, որ, վերջապես, շահագործվում է այդ օդանավակայանը, աշխատատեղեր են ստեղծվում, գյումրեցիք էլ աշխատատեղեր կունենան, թեև այն տուրիստական տեղ չէ: Գան այնտեղ փլատակներ նայեն, ի՞նչ կա այնտեղ նայելու, գան դոմիկները և Վարդանիկի հյուրանոցները նայեն կողք կողքի: Այն կիսառազմական օդանավակայան է, որի մեջ ես մեծ վտանգ եմ տեսնում: Ժամանակին, որ Էրեբունին տրվեց ռազմականին, առաջարկում էին, որ քաղաքացիական թռիչքներ էլ լինեն, ես չհամաձայնեցի, քանի որ ռազմական օդաչուները, դիսպետչերները երբեք չեն ենթարկվի քաղաքացիականին: Նրանք կարող են վտանգ ստեղծել և անախորժ իրավիճակներ ստեղծվեն, վթարներ լինեն, և մենք գիտենք, որ ռուսները առանց «տորմուզների» են: Հիմա Գյումրին նույն կարգավիճակում է, Պերմյակովի պատմությունը հիշում ենք: 

- Բայց, կարծես, կա աշխուժացում, նոր ազգային ավիափոխադրող կա, նոր ուղղություններ՝ Իսրայել, Բեյրութ:

-Եթե «Արմենիայի» մասին եք խոսում, ապա այն հայկական չէ,  վրացական է:  Կամ՝ ինչ անենք՝ անունը «Արմենիա» են դրել, դա նույն «Ջեորգիան աիրվեյս» ընկերությունն է, որին տրվել է ԻԿԱՕ-ի 6-րդ ազատությունը, որ գալիս են Երևան, վերցնում են ուղևորներին, թռնում են՝ ուր ուզում են: Դա կոչվում է 6-րդ ազատություն, երբ արդեն կարող են տաքսիի նման էստեղի օդակայանը օգտագործել: Ու եթե բորտուղեկցորդուհի են ընդունել աշխատանքի կամ մի երկու օդաչու, կրկնում եմ, դա չի նշանակում, որ հայկական ընկերություն է:

-Ինչպե՞ս կգնահատեք վերջին շրջանում քաղավիացիայի կատարած աշխատանքը՝ հաշվի առնելով, որ ուղևորահոսքը աճել է 28.3 տոկոսով :

-Հարցը շատ բարդ է, որովհետև մենք մեր սեփական ավիացիան չունենք: Ես մի առիթով ասել եմ՝ այդ ուղևորահոսքն ինչի հաշվին է ավելանում: Մենք չունենք արտասահմանյան տուրիզմ՝ որպես այդպիսին, մենք ունենք ստեղից գնացած մարդիկ, որոնք ապրում են արտերկրում, որոշ չափով հարստացել են, տոմսի գումար են ձեռք բերել, տարին մեկ վերադառնում են իրենց հայրենիքը, բարեկամներին, ազգականներին տեսակցելու: Այսինքն՝ այդ ուղևորահոսքում ամենաշատը արտագաղթած հայերն են: Տեսեք՝ ամեն տարի արտագաղթն ավելանում է, կան այս վիճակագրական տվյալները: Ամեն տարի արտագաղթը 40-50 հազարով ավելանում է: Եվ պատկերացրեք՝ այդ 40-50 հազարը չեն կտրվում հայրենիքից և ամեն տարի գալիս է Հայաստան: Եվ սա ներգաղթ չէ, սա տուրիզմ է: Հիմա … հա, կա…  հիմա ես արտասահմանցիների չեմ տեսնում, բայց նրանց մեջ ռուս եմ տեսնում: Դե, ռուսներին հիմա ամեն տեղ չեն ընդունում, Հայաստան են գալիս:

-Ամեն դեպքում, այս տարիների ընթացքում առաջընթաց եղե՞լ է, թե ոչ:

-Ես չէ,  որ պետք է դատեմ, քանի որ իմ համար այդ հարցը՝  կա՞ առաջընթաց, թե ոչ, չափվում է նրանով՝կա՞ ազգային փոխադրող, թե ոչ: Չկա, ով էլ ստեղծեց՝ սնանկացավ: Սա նրանից է, որ կառավարությունում չեն ուզել ստեղծել մի բան, իրենց ուզածը վայելելն է:

Մանրամասները՝ տեսանյութում: