Հնդկաստանի վարչապետը կատարել է երկրի ամենաերկար կամրջի բացումը (լուսանկար)

14:07 • 26.05.17

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկրի հյուսիս-արևելյան Ասամ նահանգում պաշտոնապես բացել է երկրի ամենաերկար կամուրջը՝ «Դհոլա- Սադիան»:

Ինչպես փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ միջոցառմանը մարդիկ հետևել են ուղիղ հեռարձակման միջոցով:

Վարչապետի ու Ասամի գլխավոր նախարարի ավտոշարասյունը նախ անցել է կամրջի վրայով, ինչից հետո Նարենդրա Մոդին անձամբ է քայլել կամրջի երկայնքով՝ անձամբ ստուգելով շինարարական աշխատանքի որակը:

Նորակառույց կամրջի երկարությունը 9,15 կմ է. այն 3.5 կմ-ով ավելի երկար է նախորդ ռեկորդակիր կամրջից՝ Մումբայի Ռաջիվ Գանդիի անվան կամրջից:

Երկրի ամենաերկար կամուրջն իրար կկապի Դհոլա բնակավայրն ու Սադիա քաղաքը, ինչից ելնելով էլ որոշվել է նրա անվանումը: Այն գտնվում է Ասամ նահանգի մայրաքաղաք Գուվահաթիից 500 կմ հեռավորության վրա։