Հռոմում մահացել է «քաշմիրի թագուհի» Լաուրա Բյաջոտտին
Հռոմում 73 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Լաուրա Բյաջոտտին, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «քաշմիրի թագուհի»: Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ չորեքշաբթի երեկոյան Բյաջոտտին սրտի սուր նոպայից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որին հետևել է սրտի կանգը: Հռոմեական Sant'Andrea հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներին հաջողվել է վերականգնել կնոջ սրտի գործունեությունը, և նրանք երկար պայքարել են նրա կյանքի համար: Սակայն, բուժաշխատողների համաձայն, հիվանդի գլխուղեղին անուղղելի վնաս է հասցվել, ինչի հետևանքով նրանք արձանագրել են գլխուղեղի մահը:
Լաուրա Բյաջոտտին համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ քաշմիրից հավաքածուների, ինչի համար լրատվամիջոցները նրան կնքել են «քաշմիրի թագուհի»։
Հայտնի է, որ Բյաջոտտին ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ՝ մեծ գումարներ հատկացնելով Իտալիայի տեսարժան վայրերի և մշակութային արժեք ներկայացնող շինությունների վերականգնմանը և թատրոնների աջակցությանը:










