Մանչեսթերի ահաբեկիչը հարձակումը ծրագրել էր առնվազն 1 տարի առաջ. The Times
Մայիսի 22-ին բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում ահաբեկչություն իրականացրած 22-ամյա Սալման Աբեդին արյունալի հարձակումը ծրագրել էր առնվազն 1 տարի առաջ:
Ինչպես նշում է The Times-ը, մահապարտը 12 ամիս առաջ բանկային հաշիվ էր բացել, որն օգտագործել էր միայն ռումբի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ գնելու համար:
Նշվում է, որ անհրաժեշտ բաղադրիչները գնելուց հետո Աբեդին ապրիլի կեսերին մեկնել էր Լիբիա, որտեղ, ենթադրաբար, նախապատրաստում էր անցել գրոհայինների ճամբարում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները Մանչեսթերի ահաբեկչական հարձակման հեղինակի տանը պայթուցիկ սարքերի մի ամբողջ «արտադրամաս» էին գտել: Աբեդիի մոտ բավականաչափ քանակությամբ պայթուցիկ նյութեր էին գտել, որոնցով կարելի էր ևս մի քանի ռումբ պատրաստել:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։










