Նրան շատ աղջիկներ էին սիրահարված. ուսուցչուհին` Ռուբեն Վարդանյանի դպրոցական տարիների մասին (տեսանյութ)
Ռուսաստանցի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ավարտած դպրոցում էլ այսօր վերջին զանգը հնչեց: Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցը, որը Ռուբեն Վարդանյանի սովորելու տարիներին եղել է Ֆելիքս Դերժինսկու անունով, այսօր էլ հիշում է Վարդանյանին՝ որպես լավագույն աշակերտներից մեկը: Դպրոցի ներկայիս տնօրեն Անահիտ Խոսրովյանը Tert.am-ին պատմեց՝ անցած տարիները Վարդանյանին դպրոցից չեն կտրել։ Ավելին՝ դպրոցը հիմնովին վերանորոգվել և տեխնիկական ժամանակակից գերհագեցվածություն է ստացել հենց Ռուբեն Վարդանյանի շնորհիվ:
«Ռուբեն Վարդանյանը միակն էր, որը մտածեց դպրոցի վերածննդի մասին և հավաքեց բոլոր շրջանավարտներին ու սկսեց զբաղվել դպրոցի հիմնանորոգմամբ, համակարգչային հագեցվածությամբ, ներդրեց վիրտուալ դպրոցը և այլն: Նա միշտ է եղել դպրոցի կողքին, այն ժամանակ, երբ որևէ դպրոց չուներ համակարգիչ, նա մեր դպրոցին 10 համակարգիչ նվիրեց, անգամ այլ դպրոցներից էին գալիս համակարգիչներից օգտվելու համար: Վիրտուալ դպրոցը այլևս Հայաստանում չկա, բայց Վարդանյանն իր ավարտած դպրոցում ստեղծել է»,- ասաց Խոսրովյանը:
Տնօրենը հպարտությամբ նշեց, որ անկախ Ռուբեն Վարդանյանի զբաղվածության, միևնույն է, Ռուբեն Վարդանյանը ժամանակ է գտնում և պարբերաբար դպրոց այցելում: Խոսրովյանի խոսքով՝ Վարդանյանը չի սիրում խոսել իր արածների մասին, ավելին՝ թույլ չի տվել, որ լսարաններից մեկն իր անունով անվանեն՝ ասելով, թե այլ կարևոր մարդիկ կան:
Ռուբեն Վարդանյանին դասավանդած Կարինե Աշոտովնան էլ, ով նրան առաջին դասարանից է դասավանդել, նկատեց, որ այդ տարիներին դպրոցը 2300 աշակերտ է ունեցել, սակայն սա չի խանգարում ուսուցչին առ այսօր հիշել Վարդանյանի դպրոցական տարիների հետաքրքիր օրերը: Երաժշտության ուսուցչուհին պնդեց՝ Վարդանյանը միշտ առանձնացել է, հատկապես՝ իր պարկեշտությամբ: Ուսուցչուհին հիշում է՝ ներկայիս գործարարը դպրոցի լավագույն սովորողներից էր, սակայն սա չէր խանգարում նրան մասնակցել նաև արտադասարանական միջոցառումներին:
«Դասերից փախնել չկար, բայց շատ աշխույժ էր, դա փաստ է: Նա կարող էր համախմբել դասարանին, և դասարանում էլ նրան շատ էին սիրում: Նա որևէ առարկա չէր առանձնացնում, բոլոր առարկաները լավ սովորում էր, հավանաբար, սրա շնորհիվ է, որ այսօր նա մարդ է՝ մեծատառով»,– պատմեց նա՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ փայլել է Լերմոնտովի ստեղծագործությունների հիման վրա դրված բեմադրություններում։
Ուսուցչուհին Վարդանյանի դպրոցական սիրո պատմությունների մասին չգիտի, փոխարենը գիտի, թե նրան ովքեր են սիրահարված եղել. «Շատ շատերն են սիրահարված եղել, քանի որ Վարդանյանը շատ գեղեցիկ աչքեր ուներ, շատ բանիմաց էր, ինչն էլ աղջիկներին դուր էր գալիս»:
Դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսիսյանն էլ առ այսօր հիշում է Վարդանյանի՝ «Մասկառադում» խաղացած դերը: Սակայն Մովսիսյանն այս անգամ այլ բանի մասին պատմեց։
«Դժվար տարիներին, երբ եկավ դպրոց, երկար զրուցեցինք, և ինքը մտածում էր, թե ինչով կարող է օգնել դպրոցին: Հիշում եմ՝ նրա առաջին մուտքը, երբ ասաց, թե իրենք Մոսկվայում չեն զբաղվում փոքր բիզնեսով, այլ բոլորը լավ պաշտոններին էին։ Նա սակայն շեշտեց, թե այդ արդյունքն ունեն հենց դպրոցական կրթության շնորհիվ: Ասաց, որ ցանկանում է շնորհակալ լինել դպրոցին և չգիտի, թե ինչ անի: Այդ ժամանակ ես նրանից համակարգիչներ խնդրեցի, ինչն ինձ համար ֆանտաստիկայի ժանրից էր: Երկար ժամանակ անցավ, մի պահ անգամ մտածեցին, թե չի լինի, բայց ինձ զանգահարեցին և ասացին, որ դպրոց 25 համակարգիչ են բերել»,– պատմեց Լարիսա Մովսիսյանը:
Դպրոցում Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն էլ չեն մոռացել, ինչի առթիվ մայիսի 25-ին դպրոցի ֆեյսբուքյան փակ խմբում շնորհավորել են Ռուբեն Վարդանյանին։
Մանրամասները՝ տեսանյութում:










