Ինքնաթիռում ծխած և հրդեհի բռնկման պատճառ դարձած բրիտանացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

10:49 • 26.05.17

Բրիտանացի Ջոն Կոկսը, որը 2015թ. ծխել էր օդանավի զուգարանում ու դրանով հրդեհի բռնկման պատճառ դարձել, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Ինչպես նշում է bbc.com-ը, ի սկզբանե տղամարդը դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանը որոշել է, որ այդ դատավճիռը չափազանց մեղմ է ու պատժի չափը կրկնապատկել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2015թ. բրիտանական Բիրմինգհեմից Շարմ էլ Շեյխ ուղևորվող օդանավի կապիտանը SOS ազդակ է ուղարկել ու մոտակա օդանավակայանում վթարային վայրէջք իրականացնելու թույլտվություն խնդրել:

Հայտնի է, որ օդանավի սրահում հրդեհ է բռնկվել, երբ 46-ամյա Կոկսը որոշել է ծխել զուգարանում: Անձնակազմը կապիտանին հայտնել է, որ իրենց չի հաջողվում մարել զուգարանի աղբամանում բռնկված կրակը: Այդ պահին 200 ուղևորով ինքնաթիռը գտնվել է ավելի քան 10.000մ բարձրության ու Շարմ էլ Շեյխից 160 կմ հեռավորության վրա:

Որոշ ժամանակ անց օգնության է հասել հրշեջ բրիգադում աշխատող ուղևորներից մեկը, ինչից հետո օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: