Թաիլանդում գողը 11 ամսում 82 բուդդիստական վանք է թալանել
Թաիլանդի քաղաքացին, որն անցած տարի է ազատ արձակվել բանտից, կրկին ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելյան մասում՝ վերջին 11 ամսում 82 բուդդիստական վանքից գողություն անելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Հայտնի է, որ ավելի վաղ տղամարդն արդեն թալանել է վանքեր, ինչի համար ձերբակալվել է 2013 թվականին, իսկ 2016 թվականին համաներմամբ ազատ է արձակվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առավոտները, երբ վանականները դուրս են գալիս մենաստանից, գողը կոտրել կամ ուղղակի բացել է դռները և վերցրել գումար կամ բուդդիստական հմայիլներ, որոնց արժեքը Թաիլանդում երբեմն շատ բարձր է լինում:
Նշվում է, որ ձերբակալության պահին տղամարդու բնակարանում հայտնաբերվել է 200 հմայիլ, որոնցից 70-ը գողացվել է օրեր առաջ վանականից, որը ոստիկանություն է դիմել գողությունից հետո: Միայն այդ 70 հմայիլների արժեքը գնահատվել է 5,5 հազար դոլար: Դրանից բացի, տանը հայտնաբերվել է երեք բջջային հեռախոս և մեկ նոթբուք, իսկ բակում կայանված է եղել առանց համարանիշների երկու մոտոցիկլ, որոնք տղամարդն առևանգել է գողություններ իրականացնելու համար:
Տղմարդու խոսքով՝ ինքն իրեն բուդդիստ է համարում: Հարցաքննության ընթացքում նա մի քանի անգամ կրկնել է, որ գողացել է հենց գումար և հմայիլներ, ոչ թե բուդդիստական պաշտամունքի այնքան կարևոր իրեր, ինչպիսին են ողորմության համար նախատեսված անոթները կամ Բուդդայի արձանները:










