Չեռնոգորիայի վարչապետը մեկնաբանել է Թրամփի՝ իրեն հրելու միջադեպը. Սպիտակ տունը ևս արձագանքել է (տեսանյութ)

09:34 • 26.05.17

Լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբ գրասենյակի ուսումնասիրման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի միջև տեղի ունեցած միջադեպը, հայտնում է Associated Press-ը՝ հիշեցնելով, որ Թրամփն առաջին շարքում հայտնվելու համար կոպտորեն հրել էր Մարկովիչին ու առաջ անցել:

Հայտնի է, որ Չեռնոգորիայի վարչապետն արդեն մեկնաբանել է միջադեպը՝ նշելով, որ տեղի ունեցածին կարևորություն չի տալիս:

«Ես դրան ուշադրություն չդարձրի, բայց տեսա, թե սոցկայքերում ինչպես էին արձագանքել դրան: Դա ուղղակի անմեղ իրավիճակ էր: Միանգամայն բնական է, որ ԱՄՆ նախագահը պետք է գտնվի առաջին շարքում»-նշել է Մարկովիչը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Սպիտակ տունը ևս արձագանքել է միջադեպին: Մասնավորապես՝ մամուլի խոսնակ Շոն Սփայսերը նշել է, որ լուսանկարվելու համար ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների դիրքերի բաշխումն արվել էր նախապես, և Թրամփն ուղղակի զբաղեցրել է իր տեղը:

Այնուհանդերձ՝ համացանցի օգտատերերի մեծ մասը քննադատել է ԱՄՆ նախագահին նման կոպիտ վերաբերմունքի համար: