«Երկիր Ծիրանին» վարչական դատարանում բողոքարկում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Վարչական դատարանում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բողոքարկում է ընտրությունների արդյունքները:
Հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստը հետաձգվի, որովհետև երրորդ կողմ հանդիսացող «Ելք» դաշինքի ներկայացուցիչը բացակա էր նիստից: Դատարանը մերժեց միջնորդությունը` ասելով, որ երրորդ կողմը պատշաճ կարգով ծանուցվել է. «Դատարանը պարտավոր չէ նիստը հետաձգել և ևս մեկ անգամ ծանուցել»:
Դատարանը որոշեց շարունակել դատական նիստը, որի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ հայցվոր կողմ հանդիսացող «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Սակայն դատարանը թույլ չտվեց Զարուհի Փոստանջյանին մինչև վերջ ընթերցել հայցադիմումը՝ նշելով, որ Փոստանջյանը խոսում է պատվերների և քաղաքական պահանջների մասին:
Դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներն իրենց աջակցությունը հայտնեցին Զարուհի Փոստանջյանին, ինչից հետո դատարանը նրանցից մեկի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշում կայացրեց:
Կինը չենթարկվեց դատարանի պահանջին և չլքեց նիստերի դահլիճը, ինչից հետո դատարանը ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 271-Ա և Երևանի ավագանու 2017 թվականի 272-Ա որոշումները: Հայցադիմումով կուսակցությունը պահանջում է որպես անվավերության հետևանք կիրառել Երևանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:










