Ավստրալական Մոնաշ քաղաքի խորհուրդը հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

01:50 • 27.05.17

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Մոնաշ արվարձանի խորհրդի անդամ Տեո Զագրաֆոսը կոչ է արել քաղաքային իշխանություններին ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը:

Զագրաֆոսը ներկայացրել է բանաձևի նախագիծ, որը քննարկվելու է խորհրդի հաջորդ նիստի ընթացքում: Մոնաշում ապրում են այն մարդկանց սերունդները, ովքեր տուժել են ցեղասպանությունից։ Զագրաֆոսի պապերը ևս Թուրքիայից Հունաստան են փախել 1920-ականներին։

Նշենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ու Հարավային Ավստրալիա նահանգներն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ահա Մոնաշը կարող է դառնալ Վիկտորիա նահանգի առաջին քաղաքը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։