Մեկնարկել է «ԲարՔեմփ Երևան-2017»–ը

12:06 • 27.05.17

Երևանում մեկնարկել է «ԲարՔեմփ Երևան-2017»-ը, որին այս տարի մասնակցելու համար գրանցվել է 3000-ից ավել մասնակից: 

«ԲարՔեմփ»–ն իր հարկի տակ միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների՝ նպատակ ունենալով գիտելիքների, հմտությունների, փորձի փոխանակում իրականացնել, ստեղծել կապեր ՏՏ ոլորտում:

Այս տարի ելույթներով հանդես կգան վեց միջազգային հյուրեր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը, ով ժամանել է Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը`Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կատակեց՝ իրականում այս տարին «ԲարՔեմփ»-ի համար հոբելյանական է, որովհետև 9-րդ «ԲարՔեմփ»-ն է: Նա նշեց, որ 9-րդ տարին «ֆանտաստիկ շատ է»:

Միջոցառման ժամանակ զուգահեռ 7 հոսքերի շնորհիվ կներկայացվեն ամենատարբեր թեմաներով ելույթներ, վարպետության դասեր:

«ԲարՔեմփ»-ի թիմը շնորհակալություն հայտնեց Ucom ընկերությանը՝ 4 տարի շարունակ իրենց կողքին լինելու համար: Իր հերթին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ «ԲարՔեմփ»-ն ամենահետաքրքիր ֆորմատներից մեկն է, որը հնարավորություն է տալիս պարզապես հավաքներ անցկացնել ու ծանոթանալ աշխարհի նորագույն տեխնոլոգիաների մասին:

Հայկ Եսայանը նշեց, որ Ucom-ը կարևորում է ՏՏ ոլորտի նման ոչ ֆորմալ հավաքները, որոնց շնորհիվ մասնագետները հավաքվում են՝ փոխանակելու մտքեր:

«Շատ ենք կարևորում երկրում ՏՏ ոլորտի զարգացումը, ուստի ներդրումներ ենք կատարում օրինակ՝ ինժեներական լաբորատորիաներում: Մեր ընկերությունը մշտապես աջակցելու է նման ծրագրերին»,- ասաց Հայկ Եսայանը:

«ԲարՔեմփ»-ը կանցկացվի մինչև մայիսի 28-ը: