British Airways-ը համակարգչային համակարգում խափանման պատճառով չեղարկել է Լոնդոնից բոլոր չվերթները
Բրիտանական British Airways ավիաընկերությունը մինչև շաբաթ երեկո չեղարկել է Լոնդոնի երկու հիմնական օդանավակայաններից իր բոլոր չվերթները՝ համակարգչային համակարգի աշխատանքում տեղի ունեցած խափանման պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:
«Հիթրոում և Գեթվիքում տերմինալները չափազանց ծանրաբեռնվել են, և մենք չեղարկել ենք Հիթրոուից և Գեթվիքից բոլոր չվերթները մինչև Մեծ Բրիտանիայի ժամանակով 18:00-ն, այդ պատճառով, խնդրում ենք, չգալ օդանավակայաններ»,- ասված է հայտարարությունում:
Հարյուրավոր ուղևորներ մնացել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում: Չվերթների հետաձգումների պատճառով այժմ ստեղծվել են հսկայական հերթեր: Շատ ուղևորներ բջջային հավելվածների միջոցով չեն կարողացել գրանցվել իրենց չվերթների համար:
Լոնդոնից իրականացվող չվերթներից բացի հետաձգվել են նաև աշխարհի այլ քաղաքներից բրիտանական ավիաընկերության չվերթները:
Ավիաընկերությունը հայտարարությունում նշել է, որ ընկերության համակարգչային համակարգի աշխատանքում լուրջ խնդիր է առաջացել, որի պատճառով ողջ աշխարհով մեկ խափանվել է չվերթների իրականացումը:
Ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղևորներից և հայտնել է, որ «փորձում է հնարավորինս արագ լուծել առաջացած խնդիրը»:










