«Գո» խաղի աշխարհի չեմպիոնը երեք խաղ անընդմեջ պարտվել է համակարգչային ծրագրին
«Գո» խաղի աշխարհի չեմպիոն Կե Ցզեն երրորդ խաղում պարտվել է AlphaGo համակարգչային ծրագրին, որը ստեղծել է Google DeepMind ընկերությունը: Նախորդ երկու խաղերում նույնպես հաղթել է արհեստական ինտելեկտը, գրում է ТАСС-ը:
Այդ խաղը դարձել է Ուչժեն քաղաքում մայիսի 23-ին մեկնարկած մրցաշարի երեք խաղերից վերջինը: Համակարգչային ծրագրի նկատմամբ հաղթանակի դեպքում Կե Ցզեի մրցանակը կազմելու էր 1,5 միլիոն դոլար: Պայմանների համաձայն՝ յուրաքանչյուր կողմին տրվում էր առավելագույնը երեք ժամ իր քայլերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:
Մինչ մրցաշարի մեկնարկը՝ Կե Ցզեն հայտարարել է սոցիալական ցանցերում, որ դա լինելու է իր վերջին փորձը մարտահրավեր նետել արհեստական ինտելեկտին:
«Դա սառը մեքենա է, որը զգացմունքներ չունի այս խաղի նկատմամբ»,- ասել է նա:
«Գո»–ն աշխարհում ամենատարածված տրամաբանական սեղանի խաղերից մեկն է: Համարվում է, որ «Գո»–ն ամենաբարդ սեղանի խաղերից մեկն է, որ երբևէ ստեղծել է մարդկությունը:










