Հացադուլ հայտարարած դատապարտյալը դեղորայքային բուժում է ստանում. Գոռ Ղլեչյան

15:39 • 27.05.17

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Լյուդվիգ Հովհաննիսյանը հացադուլը չի դադարեցրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Լյուդվիգ Հովհաննիսյանի ընկերներն ահազանգում են, որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի և նրան ստացիոնար բուժում է պետք, սակայն Ղլեչյանն այլ պատկեր է ներկայացնում:

«Հենց երեկ բժշկական աշխատանքային հանձնաժողովն այցելել է Լյուդվիգ Հովհաննիսյանին և մանրամասն ուսումնասիրել: Նրան ստացիոնար բուժում այս պահին հարկավոր չէ, ներկայումս ստանում է համապատասխան դեղորայքային բուժում»,- տեղեկացրեց Ղլեչյանը:

Վերջինս հավելեց՝ մինչ այս էլ Լյուդվիգ Հովհաննիսյանը 3 ամիս ստացիոնար բուժում է ստացել: Սակայն Ղլեչյանը Հովհաննիսյանի հիվանդությունների մասին չբարձրաձայնեց՝ պատճառաբանելով, թե հնարավոր է, որ դատապարտյալը չի ցանկանում, որ իր առողջական խնդիրները հրապարակվեն:

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե կոնկրետ այս խնդրից ինքը տեղյակ չէ, սակայն խոստացավ ուսումնասիրել և պարզել՝ արդյո՞ք դատապարտյալ Լյուդվիգ Հովհաննիսյանն անհրաժեշտ բուժումը ստանում է:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ իրավական համակարգում դատապարտյալների բուժման հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ:

«Իրականում, նման խնդիրն առկա է: Դատապարտյալների հիմնական խնդիրներից է վաղաժամկետ ազատ արձակման հարցն, բուժում ստանալը և այլն: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նման խնդիրներ շատ են լինում, խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև բուժանձնակազմի, մասնագիտական փորձի պակասով, ինչու չէ նաև դատապարտված անձանց քանակով»,- ընդգծեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Լյուդվիգ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, ինչպես նաև 176 հոդվածի առաջին մասով:

 

ՀեղինակԱնի Օհանյան