ԱՄՆ-ում մահմեդականը 100 մլն դոլար է պահանջում իրեն խոզի մսով պիցցա վաճառելու համար
Միացյալ Նահանգներում մահմեդական տղամարդը դատի է տվել պիցցերիային, որտեղ նրան խոզի մսից պատրաստված երշիկով պիցցա են վաճառել՝ ասելով, թե դա «հալալ» (իսլամի նորմերին համապատասխանող) պիցցա է։
Այժմ տղամարդը պահանջում է իրեն որպես փոխհատուցում 100 մլն դոլար վճարել, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ Միչիգան նահանգում բնակվող Մուհամեդ Բազին իր հայցում նշել է, որ երկու անգամ այդ նույն հաստատությունից պիցցա է գնել, որի վրա նշված է եղել «հալալ սնունդ» գրությունը։
Խոզի մսի համը զգացել է Մուհամեդի կինը, որը մինչ իսլամ ընդունելը կաթոլիկ է եղել։
Տուժածի փաստաբանն ասել է, որ իր հաճախորդները ցանկանում են, որ հասարակությունն իմանա այս միջադեպի մասին՝ «հատկապես Ռամադանի շրջանում»։ Նա ընդգծել է, որ խոզի միս ուտելն ամենասարսափելի մեղքերից է մահմեդականի համար։










