«Ավրորա» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նվիրատվություն կատարել Գերմանիայի Պոտսդամի եկեղեցու վերականգնմանը. Նուբար Աֆեյան
Կարևոր է հասկանալ, որ աշխարհասփյուռ հայերը՝ Լիբանանում, Մոսկվայում, Ֆրանսիայում և այլուր չէին լինի, եթե բացարձակ օտար, այլազգի մարդիկ նրանց չփրկեին Հայոց ցեղասպանության տարիներին. Կոմիտասի թանգարան- ինստիտուտում այսպես ասաց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայ բարերար Նուբար Աֆեյանը:
«Գերմանացիները, ֆրանսիացիները, նաև թուրքերից են եղել, որ փրկել են հայերի կյանքերը. մի երևույթ, որը երբեմն հայերի համար դժվար ըմբռնելի է, բայց այդպես է: Իմ դեպքում պապերս են փրկվել հենց գերմանացիների կողմից, և դրա մասին իմացել ենք Բուլղարիայում տպագրված հոդվածներից մեկից: Պապուս եղբայրները գործարարներ են եղել և դատապարտված են եղել ոչնչացման, ամբողջ տեղահանման ընթացքում Ստամբուլից սկսել են քշվել այն հոսքերով, ինչպես շատերի հետ է պատահել: Նրանք փաստացիորեն փրկվել են գերմանացի սպաների կողմից, ում հիմնական աշխատանքն է եղել այդ ժամանակ օգնել թուրքերին և կազմակերպել նրանց՝ հայերի արտաքսումը: Տեսնելով, որ պապս ու եղբայրը գերմաներեն են խոսում, նրանց վերցրել են, բայց չէ՞ որ կային այլ մարդիկ, ովքեր գերմաներեն չգիտեին: Սա երկու եղբայրների պատմություն է, ովքեր փոխել էին իրենց ինքնությունը: Ինչ վերաբերում է Կոմիտասին, նա առանձնահատուկ է, որովհետև հենց Կոմիտասն է կապված եղել գերմանական մշակույթին»,-ասաց նա:
Նշենք, որ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչները և մի խումբ այլ հյուրեր այցելել էին թանգարան-ինստիտուտ՝ մասնակցելու «Կոմիտասի ժառանգությունը» խորագիրը կրող միջոցառմանը:
Նուբար Աֆեյանը հյուրերին ներկայացրեց նախաձեռնության առանձնահատկությունները՝ շեշտելով, որ այն կյանքի կոչելով ցանկանում են հայերին հնարավորություն տալ հայտնելու իրենց երախտագիտությունը: Նախաձեռնության համահիմնադիրը հայտարարեց, որ «Ավրորա» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նվիրատվություն կատարել Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի եկեղեցու վերականգնմանը:
Միջոցառմանը ներկա Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը կարևորեց հայ բարերարի նշած նախաձեռնությունը նաև հայ-գերմանական հարաբերություններն ընդգծելու առումով:
«Սա շատ զգացական միջոցառում է: Ինձ համար պատիվ է այսօր լինել այստեղ: Մեր հարաբերությունների պատմության մեջ եղել են շատ կարևոր անձինք: Նրանցից մեկն Արմին Վեգներն էր, ով մեծ դեր խաղաց այդ տարիների ոճիրները ներկայացնելու գործում: Նա արել էր հարյուրավոր լուսանկարներ, որոնցից շատերը փրկվեցին, իսկ շատերը՝ դժբախտաբար ոչնչացվեցին: Մյուսը Յոհաննես Լեփսիուսն էր, ով առճակատման մեջ մտավ թուրքերի դեմ, երբ ականատես եղավ այդ դեպքերին, այնուհետև հարյուրավոր որբերի ապաստան տվեց: Այդ մարդկանց շարքերը կարող են համալրել նաև գերմանական բանակի սպաները, դիվանագետները»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ ուրախ է, որ անցած տարի Բունդեսթագն ընդունեց և հստակ ի ցույց դրեց ցեղասպանության տարիներին նաև Գերմանիայի պատասխանատվությունը:
Նա տեղեկացրեց, որ վերջերս Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի՝ Հայաստան կատարած այցելության շրջանակում հնչել են բազմաթիվ առաջարկներ հաջորդ տարի Կոմիտասի 150-ամյակը հանդիսավոր կերպով նաև Գերմանիայում նշելու մասին, քանի որ թեպետ Կոմիտասն ու նրա գործունեությունը կապված են եղել Գերմանիայի հետ, այնտեղ Կոմիտասը դեռ բավականաչափ ճանաչված չէ:
Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերությունների ընդհանուր պատկերին՝ Մաթիաս Քիսլերը նշեց, որ չնայած Հայաստանի դժվարություններին և մարտահրավերներին՝ վերջին երկու տարիներին նա խրախուսելի փոփոխություններ է նկատել:
«ՏՏ ոլորտի զարգացում, Թումո կենտրոնը, որտեղ ռոբոտներ են պատրաստում, խրախուսում են հազարավոր դեռահասների, ինչպես նաև ոչ նվազ կարևոր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը. բոլոր այս նախագծերը օգտվում են ստվար մարդկային ռեսուրսներից և միտված են դեպի ապագան: Եթե դրա հետ մեկտեղ բարելավվի նաև երկրի քաղաքական դաշտը, Հայաստանը լիովին կունենա հնարավորություն բարգավաճելու և զարգանալու ոչ պակաս, քան եվրոպական մեկ այլ երկիր»,- եզրափակեց նա:










