Արիանա Գրանդեն ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված համերգ կտա Մանչեսթերում
Ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է, որ բարեգործական համերգ կտա բրիտանական Մանչեսթերում՝ նվիրված մայիսի 22-ին նույն քաղաքում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների հիշատակին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, 23-ամյա Գրանդեն այս մասին հայտնել է Instagram-ում՝ հավելելով, որ համերգի ամսաթիվը դեռևս որոշված չէ:
«Ես կվերադառնամ անհավատալի քաջ քաղաք Մանչեսթեր՝ երկրպագուներիս հետ լինելու, ինչպես նաև զոհերի հիշատակին նվիրված և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված բարեգործական համերգ տալու նպատակով»,-գրել է երգչուհին:
Նա նաև նշել է, որ թույլ չի տա, որ ատելությունը հաղթի:
Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել երգչուհու համերգի վերջում: Մահապարտի գործի դրած ռումբի պայթյունի հետևանքով մահացել էր 22 մարդ, 100-ից ավելին վնասվածքներ էին ստացել:
Ահաբեկչությունից հետո Գրանդեն չեղարկել էր Լոնդոնում և եվրոպական այլ քաղաքներում կայանալիք համերգները:
Նշենք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










