Կայացավ «Անտարես» հրատարակչության կազմակերպած «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

18:45 • 30.05.17

Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխության արարողությունը: 6-րդ անգամ անցկացվող օլիմպիադայի այս տարվա հաղթողը Երևանի թիվ 194 դպրոցի աշակերտուհի Լիանա Միքայելյանն է: Վերջինս կազմակերպիչների և մրցույթի անցկացման աջակիցների կողմից արժանացավ բազմաթիվ նվերների:

«Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին: Կցանկանայի, որ այսպիսի մրցույթները շատ լինեին»,- ասաց «Ընթերցման օլիմպիադայի» հաղթողը:

Մրցույթը կազմակերպել է «Անտարես» հրատարակչությունը՝ մշակույթի, կրթության և գիտության նախարարության և «Dasaran» կրթական ծրագրի աջակցությամբ:

«Ընթերցման օլիմպիադայի» համակարգող, «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ մրցույթին մասնակցում են Հանրապետության դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Մրցույթն ունի երեք փուլ՝ դպրոցական, մարզային և հանրապետական:

«Յուրաքանչյուր փուլում երեխաներից պահանջվում է կարդալ իրենց նախընտրած գրքից հատված և ապա ժյուրին առաջարկում է իր գրքից հատված կարդալ: Մենք նախ և առաջ գնահատում ենք սահուն ընթերցանությունը, հայերենի ճիշտ շեշտադրությունը և առոգանությունը»,- նշեց նա:

Մրցույթի աջակից «Dasaran» կրթական ծրագրի ծրագրերի ղեկավար Ռիմա Սարգսյանի խոսքով՝ այս տարի մրցույթին մասնակցել է 4400 աշակերտ:

«Շատ կարևորում ենք մարզային աշակերտության ներգրավումը նման միջոցառումներին: Բոլոր տաս մարզերից, ինչպես նաև Երևանից ունենք հսկայական մասնակցություն»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Կայացավ «Անտարես» հրատարակչության կազմակերպած «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը (տեսանյութ)