Կիանու Ռիվզն իր սիրալիրությամբ գերել է Սանկտ Պետերբուրգում երկրպագուներին (լուսանկարներ)
Համացանցի օգտատերերը, ովքեր հայտնել են հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզի՝ Սանկտ Պետերբուրգ ժամանելու մասին, հիացած են նրա սիրալիրությամբ. նա հաճախ լուսանկարվել է երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանել: Դերասանի հետ հանդիպած երկրպագուների արձագանքին անդրադարձել է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Կիանու Ռիվզը մասնակցել է Մեթյու Ռոսի «Սիբիր» ֆիլմի նկարահանումներին, ինչի համար և ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Նրան նկատել են «Պուլկովո» միջազգային օդանավակայանում և Սանկտ Պետերբուրգի կենտրոնում:
«Հենց այն Կիանուն, սիրելի և անհավանական: Այս հանդիպման համար արժեր հինգ ժամ սպասել: Անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս մոտենալ նրան, սակայն նա ինքը եկավ մեզ հետ լուսանկարվելու: Ես հիանում եմ այս պարզ և հիանալի մարդով», - գրել են դերասանի երկրպագուներն Instagram-ում:
Շատ երկրպագուներ ընդգծել են, որ Ռիվզը սիրալիր և բաց է:
«Չորս օր շարունակ Կիանուին նկարահանումների ժամանակ հետևելն իսկական երջանկություն էր: Իսկ այսօր՝ երեկոյան ժամը հինգին, երկար սպասումից հետո մեզ հաջողվեց հյուրանոցի մոտ լուսանկարվել նրա հետ և նույնիսկ ինքնագիր վերցնել», - գրել է ВКонтакте սոցցանցի օգտատերերից մեկը:
«Ֆիլմի նկարահանման հարթակում հանդիպել եմ սիրալիր Կիանուին: Երբ լսում ես պարոն Ռիվզի ողջույնը, երկուշաբթին միանշանակ հաջողակ է դառնում», - գրել է դերասանի երկրպագուն:













