Երևանի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը լինելու է աշխարհում առաջինը, որտեղ Ազնավուրն անձամբ է պատմելու իր կյանքի մասին․ Քրիստինա Սարկիսյան

15:20 • 01.06.17

Երևանում հիմնվող Շառ Ազնավուրի տուն-թանգարանը լինելու է աշխարհում առաջինը, որտեղ շանսոնյեն անձամբ է պատմելու իր կյանքի մասին․ աուդիոգիդի համար արված տեքստն ու ձայնագրությունը արվել է հենց Շառլ Ազնավուրի կողմից: Կասկադում՝ Շառլ Ազնավուրի կացարանին մոտ, այս հայտարարությունն արեց «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարգսյանը:

«Հայտնվելով թանգարանում՝ Դուք կարող եք նրանից լսել նրա կյանքի պատմությունը, տեսնել տեսանյութեր և անգամ նրա համերգը 3D ձևաչափով»,- նշեց նա՝ հավելելով, որ Շառլ Ազնավուրի թանգարանը լինելու առաջին ինտերակտիվ թանգարանը Հայաստանում, որտեղ  կազմակերպվելու են նաև մշակութային միջոցառումներ:

Հիշեցնենք, որ այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև՝ կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ 

Երգչի՝ Կասկադի հարևանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարկիսյանը նշեց՝ թանգարանը բացելու նպատակն է աշխարհի բոլոր հայերի համար շատ կարևոր մարդու՝ Շառլ ազնավուրի կյանքը ներկայացնելը, ցույց տալ,  թե ինչպես է նա հաջողության հասել: «Ներկայացվելու է, թե ինչպես հինգ հոգանոց ընտանիքում՝ 20 քառակուսի մետր տարածքում ապրող Ազնավուրը հաջողության հասավ, որպեսզի  նրա կերպարը ստիպի և օգնի մարդկանց, որ երազեն և մեծ նպատակներ ունենան: Շառլ Ազնավուրի կյանքը շատ յուրահատուկ է, և թվում է, թե անիրականանալի է, ինչպես հեքիաթը: Բայց այն իրական է՝ աշխատանքի, քրտինքի շնորհիվ: Այսօր էլ Շառլ Ազնավուրն աշխատում է այնպես, ինչպես ոչ ոք»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել Ազնավուրի թանգարանը Երևանում բացել՝ Քրիստինա Սարկիսյանը նշեց, որ աշխարհահռչակ շանսոնյեն մշտապես ապացուցել է իր հավատարմությունը իր ազգի նկատմամբ և դեռ 1988 թվականի երկրաշարժից հետո բազմաթիվ  նախագծեր է իրականացրել Հայաստանին օգնելու համար:

Քրիստինա Սարկիսյանի խոսքով՝ թանգարանի  բացումն իրենք նախատեսում են 2018 թվականին, ավելի ստույգ բացման ժամանակահատվածը չկարողացավ նշել, քանի որ, ըստ նրա, այնտեղ այնպիսի տեխնոլոգիաներ են օգտագործվելու, որոնք Հայաստանում նորություն են համարվում:

Նա հատկանշական համարեց այն, որ պետությունը որոշել է երգչի կեցավայրը տրամադրել «Ազնավուր» հիմնադրամին, ինչի արդյունքում էլ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշել է թանգարանին տրամադրել հայրիկի անձնական իրերը՝ առաջին դաշնամուրը, ոսկե սկավառակները, Էդիտ Պիաֆի օրիգինալ սկավառակները և այլն:

Թանգարանում ներկայացվելիքի մասին Քրիստինա Սարկիսյանը չմանրամասնեց, պատմեց, որ ինտերակտիվ լուծումներով սենյակներով փորձելու են ներկայացնել Շառլ Ազնավուրի կյանքի կարևոր դրվագները, օրինակ՝ կառուցվելու է երգչի առաջին  20 քառակուսի մետրանոց բնակարանը, որը նա անձամբ է նկարել:

«Առաջին սենյակը լինելու է ավազով անիմացիա: Ավազը սիմվոլիկ է և ներկայացնելու է ընտանիքը, որը, ինչպես շատ հայեր,  փախել է Կոնստանդնուպոլսից: Ավազն ընտրել ենք նրա համար, քանի որ շատ հայեր Ցեղասպանության ժամանակ մահացել են Դեր Զորի անապատներում»,- պատմեց նա:

 

Երևանի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը լինելու է աշխարհում առաջինը, որտեղ Ազնավուրն անձամբ է պատմելու իր կյանքի մասին․ Քրիստինա Սարկիսյան