Հարվարդի համալսարանում «Գահերի խաղի» պատմության մասին դասընթաց կբացվի

17:02 • 01.06.17

Հարվարդի համալսարանը հայտարարել է «Իսկական «Գահերի խաղը». Ժամանակակից առասպելից մինչև Միջնադարի մոդելներ» անվանումով պատմության դասընթաց բացելու մասին: Այն կմեկնարկի աշնանը: Այս մասին հայտնում է Time-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուսանողներին կպատմեն, թե ինչպես են Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» գրքերը և դրա վրա հիմնված «Գահերի խաղը» հեռուստասերիալը հատվում պատմական իրադարձությունների հետ:

Նշվում է, որ դասընթացը նվիրված կլինի նաև նրան, թե ինչպես է «Գահերի խաղը» պատկերում Միջնադարի հիմնական նախատիպերին՝ թագավորին, հավատարիմ կնոջը, կրտսեր որդուն և արկածներ փնտրողին:

Դասընթացի հեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Ռաչի Կիրակոշյանի խոսքով՝ իր մոտ այս գաղափարը ծագել է, երբ ուսանողները պատմել են միջնադարյան էպիկ պոեմների և սերիալի զուգահեռների մասին:

«Ինչո՞ւ չօգտագործել այս հետաքրքրությունը և չխորանալ», - ասել է Կիրակոշյանը:

Պրոֆեսորը հույս է հայտնել, որ նոր ծրագիրն ուսանողների մոտ հետաքրքրություն կառաջացնի պատմության հանդեպ:

Հարվարդի համալսարանում «Գահերի խաղի» պատմության մասին դասընթաց կբացվի