Կալիֆորնիայի պետական համալսարանի ուսանողները ծանոթացել են «Սարոյան հաուս» նախագծին
Մայիսի 30-ին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի գրասենյակ են այցելել Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մկրտիչյանը և նրա ուսանողները «Սարոյան հաուս» նախագծին ծանոթանալու նպատակով:
«Սարոյան հաուս» նախագծի աշխատակիցները հյուրերին ներկայացրել են «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, պատմել վերջինիս ստեղծման և գործունեության, իրականացրած ծրագրերի մասին, ապա անդրադարձել «Սարոյան Հաուս» նախագծին, խոսել աշխատանքների ներկայիս ընթացքի և ապագա ծրագրերի մասին:
Բարլո Տեր-Մկրտիչյանի հետ քննարկվել են Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի և Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի միջև հետագա համագործակցության մանրամասները:
Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Սարոյան Հաուս» նախագծի նկատմամբ և ոգևորությամբ պատրաստակամություն են հայտնել օժանդակելու և մասնակցելու նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումներին թե՛ Երևանում, և թե՛ Ֆրեզնոյում:
Հայագիտության ուսանողներին նշանակալիորեն տպավորել է Սարոյան 108 միջոցառումների շարքում Վ. Սարոյանի 108-ամյակի տոնախմբությունը, որն անցկացվել էր Թումանյանի այգում: Տուն-թանգարանի նախագծից նրանց հատկապես հետաքրքրել է թանգարանի կոնցեպտը և թանգարանում նորարական մոտեցումների կիրառումը թանգարանային ավանդական լուծումներին զուգահեռ:
Ուսանողները բարձրացրել են թանգարանում ուսանողների համար այցելության և ուսումնասիրությունների կենտրոնի հնարավոր առկայության հարցը, քանի որ Սարոյանի կտակում նմանատիպ հիշատակություն կար:
Ուսանողներից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել ներգրավվել նախագծում՝ առաջարկելով ընկերների միջոցով տուն-թանգարանի նախագծի մասին բարձրաձայնել ԱՄՆ-ում և կիսվել մեզ հետ սարոյանասեր հասարակության ակնկալիքներով:












