Հայաստանն ու Ռուսաստանը կիսել են հաղթանակը «Մանկական Նոր ալիք-2017» մրցույթում
Ղրիմում կայացել է «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գրում է ria.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ եզրափակիչ փուլին մասնակցել է աշխարհի 11 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա) 13 կատարող:
Հայտնի է, որ հաղթողի կոչմանն են արժանացել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղում է Կուպեր Տալին՝ Իսրայելից, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բոյցովը:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը:
Հայտնի է, որ 13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է, ինչպես նաև 2016թ. կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի 2-րդ տեղի մրցանակակիր:










