Սինգապուրի երկնաքերերի մոտ հսկայական «ծովոզնիներ» են հայտնվել (լուսանկարներ)
Սինգապուրի երկնաքերերի մոտ ինստալյացիաներ են հայտնվել, որոնք տեսքով ծովոզնիներ են հիշեցնում: Բանն այն է, որ այստեղ գտնվող հյուրանոցներից մեկը փառատոն է անցկացրել, որին մասնակցել են տարբեր երկրների արվեստագետներ:
Bored Panda-ն գրում է, որ 50 մարդուց կազմված թիմը գործել և տեղադրել է ինստալյացիան, ինչի համար երկու ամիս է պահանջվել: «Ծովոզնիների» պատրաստման գործընթացում հիմնականում օգտագործվել են պոլիեսթերային թելեր, ինչի շնորհիվ և հնարավոր է դարձել ստանալ անհավանական գեղեցկության նախշերը:
Նշվում է, որ թելերից գործված նախշերը տեղադրվել են մետաղյա կմախքի վրա, որն առաջին հայացքից դժվար է նկատել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մեկ «ոզնու» քաշը մոտ 100 կիլոգրամ է, իսկ բարձրությունը՝ մոտ 17 մետր: Օրվա ընթացքում ինստալյացիան փոխազդում է բնական լույսի հետ, իսկ գիշերն ամբողջովին այլ տեսք ստանում հատուկ լուսավորության շնորհիվ:
Հեղինակների խոսքով՝ գաղափարի նպատակը մարդկանց ձանձրալի առօրյան հետաքրքիր դարձնելն է:
«Հսկայական երկնաքերերի և ջրի ֆոնին գեղեցիկ օբյեկտներ տեսնելը կարող է մարդկանց ստիպել կանգ առնել և նայել: Մեր կյանքի ձանձրալի առօրյայում այս վայրկենական դադարը, հուսով ենք, հնարավորություն կտա նկատել մեզ շրջապատող պոեզիան», - ասել են նրանք:




















