Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում միջազգային ռոք-փառատոն կազմակերպել

13:39 • 03.06.17

 

Ամերիկյան հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը մտադիր է ռոք-փառատոն կազմակերպել Հայաստանում։ Այդ մասին նա ասել է AFP-ին տված հարցազրույցում, որին անդրադարձել է au.news.yahoo.com կայքը։


Աղբյուրն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը՝ ընդգծելով Թանկյանի ներդրումը, մասնավորապես՝ նշելով, որ երաժիշտը հեղինակել է միջոցառման թեմատիկ երգը։


Կայքի հաղորդմամբ՝ Թանկյանը նշել է Հայաստանում ոչ միայն համաշխարհային մակարդակի մրցույթ անցկացնելու, այլ նաև երաժշտական փառատոն կազմակերպելու հնարավորությունը։


Երաժշտի խոսքով՝ ինքը կցանկանար ավելի շատ բան անել Հայաստանում, և իր մոտ արդեն ծագել է երաժշտական փառատոն կազմակերպելու գաղափարը։


«Հայաստանը, որը հետաքրքիր ուղղություն չէ արևմտյան արտիստերի համար, կարող է ներգրավվել Եվրոպական ամառային փառատոնում, ինչի շնորհիվ տարբեր խմբեր կարող են գալ Հայաստան։ Միշտ երազել եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպելու մասին։ Նաև կցանկանայի ժամանակ գտնել ստեղծագործական և երաժշտական աշխատանք իրականացնելու համար», - ասել է նա։


Թանկյանը նաև վերհիշել է 2015 թվականին Երևանում անցկացված System of a Down խմբի համերգը:

«Այնպիսի զգացողություն ունեի, որ մեր ամբողջ կարիերան կառուցվել է այս համերգը տալու համար», - ասել է նա։

Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում միջազգային ռոք-փառատոն կազմակերպել