«Աերոֆլոտ»-ը նախազգուշացրել է սոցցանցերում տոմսերի կեղծ խաղարկման մասին

17:09 • 05.06.17

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը նախազգուշացրել է խարդախության մասին, որի ժամանակ ավիափոխադրողի անունից սոցիալական ցանցերում անվճար տոմսերի խաղարկման մրցույթի մասին տեղեկատվություն է տարածվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Աերոֆլոտ»-ը պաշտոնապես հայտարարում է, որ անվճար տոմսերի խաղարկումը, որոնց մասին սոցիալական ցանցերում արագորեն տեղեկություն է տարածվում, կեղծ է, ավիաընկերությունը դրա անցկացման հետ որևէ կապ չունի»,- ասված է ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում:


Նախօրեին համացանցում սկսել է տեղեկություն տարածվել մրցույթի մասին, որն իբր անցկացնում է ռուսական ավիափոխադրողը: Հայտարարությունում նշվում էր, որ օգտատերը ստացել է երկու անվճար տոմս, և առաջարկվում է տեղափոխվել «Աերոֆլոտ»-ի էլեկտրոնային հասցեին նման դոմեյնի անուն ունեցող կայք:


Երբ օգտատերը սեղմում էր նշված հղումը, նրան առաջարկվում էր գրանցվել և պատասխանել մի քանի հարցի, ինչից հետո նա ծանուցում էր ստանում այն մասին, որ տոմսերը նրան չի հաջողվել շահել:


Սոցցանցերում զուգահեռաբար նման առաջարկներ են տարածվել նաև Emirates, KLM և Air France ավիաընկերությունների անուններից:


Ռուսական ավիափոխադրողի հաղորդագրությունում նշվում է, որ այդ մրցույթներին մասնակցությունը կարող է հանցագործներին փոխանցել անձնական տվյալների, հաշիվների մասին տեղեկություններ:


«Դա կարող է օգտագործվել հաքերային հարձակումների, միջոցների յուրացման, արգելված տեղեկատվության պահպանման և սպամի տարածման համար»,- հաղորդում է «Աերոֆլոտ»-ի մամուլի ծառայությունը: