Բաքվին ոգեշնչել է Լապշինի ձերբակալության և արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ արձագանքի պակասը. Տիգրան Բալայան

12:13 • 05.06.17

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների առևանգման և անօրինական ձերբակալման մասին հաղորդագրությունների վերաբերյալ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչի հայտարարությանը:


«Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ում:


Ինչպես նշված է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղարի հայտարարությունում՝ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առևանգման և անօրինական կամայական ձերբակալության և այնուհետև Ադրբեջանում նրանց կալանավորման և հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ և թափանցիկ հետաքննություն:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:


Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


Հիշեցնենք նաև, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին առևանգել էին Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ: Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ:


Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ: