Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը ժամանել է Հայաստան
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն այսօր ժամանել է Հայաստան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման նպատակով: Հայտնի է, որ Բեկչյանը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը, Հայաստանից հետո կմեկնի Գերմանիա, ինչից հետո կվերադառնա Ստամբուլ՝ ստանձնելով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պարտականությունները:
Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», անցած հինգշաբթի Ստամբուլի հայ համայնքը Ստամբուլի հայկական մայր եկեղեցում՝ Սուրբ Մարիամ Աստվածածնում կազմակերպված արարողության ժամանակ դիմավորել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին որպես Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ:
Հիշեցնենք, որ 2008 թվականից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Դեռևս փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:










