Չեռնոգորիան այսօր պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ

10:16 • 05.06.17

Չեռնոգորիան (Մոնտենեգրո) երկուշաբթի պաշտոնապես կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամ, գրում է interfax.ru-ն:


Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնի հետ միասին Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի ներկայությամբ կմասնակցի դաշինքին բալկանյան պետության անդամակցության մասին փաստաթղթի փոխանցման արարողությանը:


ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանը նվիրված հատուկ արարողությունը կայանալու է հունիսի 7-ին Բրյուսելում կազմակերպության շտաբ-գրասենյակում: Դրան ներկա կլինի Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը:


ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստորագրել են դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը 2016 թվականի մայիսի 19-ին: Չեռնոգորիայի խորհրդարանը հավանության է արժանացրել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքը 2017 թվականի ապրիլի 28-ին: Մայիսի 12-ին Չեռնոգորիայի կառավարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները վավերացրել են դաշինքին այդ բալկանյան պետության անդամակցության մասին արձանագրությունը: