Դի Կապրիոն քննադատել է Թրամփի՝ կլիմայական համաձայնագրից դուրս գալու որոշումը
Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, որը հայտնի է նաև բնապահպանության ոլորտում կատարած ահռելի աշխատանքով, քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը:
Ինչպես նշում է The Independent-ը, այս մասին հոլիվուդյան դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր մոլորակի ապագան վտանգվել է նախագահ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու ոչ խոհեմ որոշման պատճառով: Այժմ առավել քան երբևէ մեր կյանքն այս մոլորակի վրա վտանգված է: Ամերիկացիները և աշխարհի մյուս ժողովուրդները կլիմայական հարցերում ճիշտ ուղղորդման կարիք ունեն, մինչդեռ այս որոշումը խորապես հիասթափեցնող է: Ժամանակն է, որ մենք հաստատակամ լինենք կլիմայական փոփոխությունների հարցի լուծման համար ու մարտահրավեր նետենք այն ղեկավարներին, որոնք չեն հավատում գիտական փաստերին: Ժամանակն է, որ բոլորս կանգնենք ու կազմակերպված պայքարենք՝ ստիպելով իշխանություններին ևս գործի անցնել»,-գրել է Դի Կապրիոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:
Հայտնի է, որ համաշխարհային առաջնորդները քննադատել են Թրամփի որոշումը՝ նշելով, որ հիասթափված են դրանից:










