Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրի դիմաց լսել է օտարված թաղամասերի բնակիչների դժգոհությունները

14:12 • 05.06.17

Այսօր առավոտյան Երևանի կենտրոնի իրացման գոտու նախկին բնակիչները հավաքվել էին Նախագահ Սերժ Սարգսյանի կեցավայրի մոտ և պահանջում էին բացատրել, թե ինչո՞ւ 10 տարի շարունակ չի լուծվում իրենց բնակարանների հարցը:

Երկրի ղեկավարի տան մոտ էին հավաքվել մասնավորապես «Ֆիրդուսի» թաղամասի, Խանջյանի, Արամի, Հանրապետության փողոցների բնակիչները, ովքեր տարիներ շարունակ պայքարում են գերակա շահ ճանաչված իրենց հողատարածքների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Նրանք խնդրում էին ընթացք տալ իրենց պահանջին, մասնավորապես՝ լուծել բնակարանների փոխհատուցման հարցը:

Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը կանգ է առել բնակիչների մոտ, վերջինս իջավ՝ հասկանալու, թե ինչ հարցով են հավաքվել քաղաքացիները:

«Մեր բնակարանների հարցը չի լուծվում: Մենք քաղաքակիրթ ձևով դիմել ենք, բայց ոչ մի լուծում չենք ստացել»,- դժգոհել է բնակիչներից մեկը:

Սերժ Սարգսյանն ի պատասխան ասել է. «Շատ լավ, կհանձնարարեմ, մոտակա երկու օրում կգան, կուսումնասիրեն»: