Մի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են Քաթարի ուղղությամբ թռիչքները
Մի շարք արաբական խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Քաթար, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը և Լիբիան խզել են հարաբերություններն այդ պետության հետ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դեպի Քաթարի մայրաքաղաք Դոհա չվերթները չեղարկել են Emirates-ը, Air Arabia-ն, Etihad Airways-ը (ԱՄԷ), Saudia-ն (Սաուդյան Արաբիա), Gulf Air-ը (Բահրեյն) և Egypt Air-ը (Եգիպտոս): Ինչպես նշում է Reuters-ը, նման որոշում է կայացրել նաև ԱՄԷ-ից Flydubai-ը:
«Դոհայի ուղղությամբ և Դոհայից Emirates-ի չվերթներ ամրագրած բոլոր ուղևորներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ՝ ներառյալ լիարժեք փոխհատուցում և առաջիկա չվերթների անվճար ամրագրում»,- հայտարարել են ավիաընկերությունում:
Իր հերթին, Քաթարի ազգային ավիաընկերությունը՝ Qatar Airways-ը, դադարեցրել է բոլոր չվերթները Սաուդյան Արաբիա: Այդ մասին ասված է ավիաընկերության կայքում:










