ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարն առաջարկել է տուգանել օդերևութաբաններին՝ չիրականացված կանխատեսումների համար

16:20 • 05.06.17

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովն առաջարկել է տուգանել օդերևութաբաններին ոչ ճշգրիտ կանխատեսումների համար, հայտնում է ТАСС-ը:


«Ժամանակն է չհաստատված եղանակային կանխատեսումների համար Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության տարածքային ստորաբաժանումներին տնտեսական պատասխանատվության ենթարկելու ալգորիթմ մշակել»,- նշել է նա ԱԻՆ-ում խորհրդակցության ժամանակ:


Պուչկովը պարզաբանել է, որ «հենց եղանակային կանխատեսում պատրաստող կոնկրետ պաշտոնատար անձանց պատասխանատվության տնտեսական մեխանիզմը պետք է աշխատի այդ ոլորտում»:


Ավելի վաղ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ագրարային քաղաքականության հարցերով հանձնաժողովներին ուսումնասիրել Մոսկվայում մայիսի 29-ին գրանցված և զոհերի պատճառ դարձած քամու ուժգնության ոչ ճշգրիտ կանխատեսման հետ կապված իրավիճակը: