Ալ Պաչինոն հայտնի մարզչի դեր կխաղա HBO-ի նոր ֆիլմում

13:56 • 06.06.17

Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն կխաղա ամերիկյան ֆուտբոլի հայտնի մարզիչ Ջո Պատերնոյի դերը: Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցի համար նկարահանվող ֆիլմի ռեժիսոր կդառնա Բարրի Լևինսոնը, որը հայտնի է «Անձրևի մարդը», «Քնածները» և այլ ֆիլմերի շնորհիվ:

Հայտնի է, որ Պատերնոն ամերիկյան սպորտի լեգենդ է. նա 46 տարի եղել է Փեն Սթեյթի ֆուտբոլային թիմի մարզիչը: 2011 թվականի նոյեմբերի 5-ին սկանդալ է ի հայտ եկել, որի կենտրոնում հայտնվել է նրա օգնական Ջերի Սանդասկին. քննության համաձայն՝ նա սեռական կապեր է ունեցել քոլեջում սովորող անչափահաս ֆուտբոլիստների հետ: Պատերնոն ստիպված է եղել լքել իր պաշտոնը՝ ոստիկանությանը չտեղեկացնելու համար: 2012 թվականին Պատերնոն մահացել է:

Variety-ի հաղորդմամբ՝ ֆիլմի անվանումը դեռ անհայտ է: Ալ Պաչինոյի համար սա կլինի ոչ առաջին համագործակցությունը HBO-ի հետ: Ավելի վաղ նա նկարահանվել է «Դուք չգիտեք Ջեքին» և «Ֆիլ Սպեկտոր» հեռուստանախագծերում, որոնց վրա աշխատել է Լևինսոնը:

Ալ Պաչինոն հայտնի մարզչի դեր կխաղա HBO-ի նոր ֆիլմում