Մայքլ Մուրն էջ է ստեղծել Թրամփին և նրա վարչակազմին «հետևելու» համար
Հունիսի վեցին ամերիկացի ռեժիսոր-վավերագրող և լիբերալ ակտիվիստ Մայքլ Մուրը TrumpiLeaks անվանումով էջ է բացել իր կայքում, որը տեղեկատուներին թույլ կտա անխափան տեղեկություններ փոխանցել իրեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասին: Այս մասին հայտնում է Huffingtonpost-ը:
Մուրի խոսքով՝ այս միջոցներն անհրաժեշտ են «Ամերիկայի Միացյալ Նահանգները բռնակալությունից պաշտպանելու համար»:
«Գիտեմ, որ սա ռիսկային նախաձեռնություն է, գիտեմ, որ մեզ մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն չափազանց շատ բան է վտանգի ենթարկված»,- գրել է Մուրը:
Ռեժիսորը նաև նշել է, որ չնայած ոչ մի թվային կապ 100 տոկոսով անվտանգ չի կարող լինել, նա իր թիմի հետ օգտագործել է ամենաապահով տեխնոլոգիաները՝ գաղտնիությունը պահպանելու համար:
Նշվում է, որ տեղեկատուները կարող են տեղեկություններ փոխանցել համապատասխան տեքստային հաղորդագրությունների, լուսանկարների և տեսա- կամ ձայնագրությունների միջոցով:
Հայտնի է, որ TrumpiLeaks-ի թողարկման մասին հայտարարվել է, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է ԶԼՄ-ների գաղտնի տեղեկատու Ռիելիթի Վիններին բռնելու մասին: 25-ամյա Վիններն աշխատել է Pluribus International Corporation ընկերությունում և պետական գաղտնիքին հասանելիություն ունեցել: Իշխանությունների տվյալների համաձայն՝ աղջիկը տարբեր տեսակի գաղտնի փաստաթղթեր է սքանավորել և տրամադրել ԶԼՄ-ներին:










